Ադրբեջանի կողմից բազմիցս հայտարարվել է, որ սեպտեմբերի 19-ին և 20-ին ադրբեջանական զինուժը ԼՂ-ում չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտների։

ՀՀ ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել, որում կան տվյալներ, թե ինչպես են ադրբեջանական հրետակոծության հետևանքով ԼՂ-ի տարբեր շրջաններում վիրավորվել և մահացել քաղաքացիական անձինք (էջ 27-29)։ 

Ստորև ներկայացնում ենք մի քանի դեպքեր.

Ներքին Հոռաթաղ գյուղի բնակիչներից մեկը նշել էր, որ հրթիռ է ընկել իր հարևանի տան վրա, ինչի հետևանքով երկու հարևանները մահացել են։   

Մարտակերտից բռնի տեղահանված անձը հայտնել էր, որ իր մայրը ադրբեջանական հրետակոծության հետևանքով բեկորային մահացու վիրավորում է ստացել՝ 54-ամյա տիկին Ռ. Բ.-ն։ 

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են նաև Լեռնային Ղարաբաղի «Դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյի» կողմից 2023 թվականի սեպտեմբերի 22-ին կազմված, կնքված և ստորագրված տեղեկանք, համաձայն որի՝ մարտական գործողությունների հետևանքով մահացած քաղաքացիական անձ Ռ. Բ.-ի դին է ներկայացվել. դիահերձարանը (տե՛ս ստորև բերված վկայականը): 

Վերին Հոռաթաղից բռնի տեղահանված մեկ այլ անձ հայտնել է, որ իր հարևանի ոտքը կտրվել  է, և ադրբեջանական գնդակոծությունների պատճառով հնարավոր չի եղել բուժօգնություն ցուցաբերել, և հարևանը մահացել է։ 

Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերով՝ ռազմական գործողություններ իրականացնելիս պետք է մշտական հոգածություն ցուցաբերել քաղաքացիական անձանց նկատմամբ և չթիրախավորել քաղաքացիական օբյեկտները. բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները պետք է ձեռնարկվեն՝  խուսափելու կամ նվազագույնի հասցնելու քաղաքացիական կյանքի կորուստները և քաղաքացիական օբյեկտների վնասումը:

Աղբյուրը՝ civic.am

470