Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 12-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկման և քվեարկության դրվեցին երկու համաձայնագրերի վավերացման նախագծեր։
Դրանցից առաջինը վերաբերում է ՀՀ կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև համաձայնագրի վավերացմանը։ Փաստաթուղթը նախատեսում է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման, Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպման 12-րդ հանդիպման և Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպման 6-րդ հանդիպման անցկացումը Հայաստանում։
Համաձայնագրով սահմանվում են կողմերի փոխադարձ պարտավորությունները, մասնավորապես՝ համաժողովների անցկացման վայրի և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման, տեխնիկական և հաղորդակցման միջոցների տրամադրման, պատվիրակությունների ընդունելության կազմակերպման, ինչպես նաև միջոցառումների պատշաճ իրականացմանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ։
Այն ընդունվեց 68 կողմ,
18 դեմ,
3 ձեռնպահ ձայներով:
Երկրորդ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն է, որը վերաբերում է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրին:
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորման ծավալը 284,4 միլիոն դոլար է, որից 264,4 միլիոնը վարկային միջոցներ են. 240 մլն դոլարը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկային միջոցներն են, 24,4 մլն դոլարը՝ գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի դրամաշնորհը:
Այն ընդունվեց 66 կողմ,
0 դեմ,
21 ձեռնպահ ձայներով:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, դիմելով հատկապես ԼՂ-ից տեղահանվածներին, հայտարարեց. «Ըստ էության, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, կողմ չքվեարկելով ՎԶԵԲ-ի համաձայնագրի վավերացմանը, որը միտված էր բնակապահովման խնդրին, փաստեց, որ իրենց քաղաքական ուժը դեմ է, որ մեր սիրելի տեղահանված քույրերն ու եղբայրները սեփական հայրենիքում՝ Հայաստանում, տուն ունենան»: