Քոչարյանի որդին, որը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, կալանքից ազատվել է և Ազգային ժողովում հայտնվել պատգամավորական անձեռնմխելիության շնորհիվ, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց հղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։

Նա վերհիշեց իր քրեական գործը, ըստ որի՝ մեղադրվում է չորս ոստիկանի հարվածելու համար, ապա հավելեց, թե ոստիկանների տված ցուցմունքները կեղծ են, նրանք վայրագություններ են անում։

ՆԳ նախարարը, արձագանքելով կրտսեր Քոչարյանին, նախ հիշեցրեց՝ ոստիկանության ծառայողները երբևէ նման համբերատար ու գրագետ կերպով չեն աշխատել, ինչպես հիմա․

«Ինչ վերաբերում է ձեր դեպքին, դուք լավ տեղյակ եք, որ կա քրեական վարույթ, ծառայողական քննություն, կասեցվել է մինչև քրեական վարույթի ավարտը։ Ուզում եմ նշել, որ ոստիկանությունը 2020 թվականից մինչ օրս աշխատում է 24/7 ռեժիմով։ Ունենք պատկեր, որ թույլ չենք տա, որ որևէ մեկը փորձի այս երկրում այն արարքը կատարել, որը եղել է նախկինում»։

Քոչարյանի որդին Ղազարյանին հորդորեց լինել օրիգինալ․

«Նախկին-ներկա… մարդիկ հոգնել են դրանից։ Իրականում վատ երևույթները մեջբերելով՝ արդարացնում եք ամեն ինչ։ Ես խոսում եմ վերջին մի քանի տարիներից, ինչին ես եմ ականատես եղել, ինքս եմ զգացել՝ ոնց է ոստիկանը ծեծում, հայհոյում, ընկած մարդուն քացով խփում, անչափահասներին՝ խեղդում, ոնց են աղջիկներին կոպիտ տանելով՝ այդ ամեն ինչը անում։ Քրեական գործ կա, ու տեսնում ենք՝ ինչ է։ Ես երկու ոստիկանի ցուցմունքով այսքան ժամանակ անցկացրել եմ կալանքի տակ և դեռ երկար կանցկացնեի, եթե այս ամենը չլիներ»։

Վահե Ղազարյանը, կրկին արձագանքելով, նկատեց. «2022 թվականից մինչ օրս ամեն օր եղել են հանրահավաքներ, մասսայական անկարգություններ, Երևանում ոչ մի անգամ փշալար չի փռվել, ոչ մեկի քթից արյուն չի եկել: Ինչ վերաբերում է Գեղամ Մանուկյանի դեպքին, դա իմ անմիջական վերահսկողության տակ է, և, նախնական տվյալներով, պատահականություն է եղել»։

908