

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ՝ ՆԳՆ կրթահամալիրում ներդրվել են նոր սարքավորումներ, որոնք թույլ են տալիս վիրտուալ իրականությունում պրակտիկ վերապատրաստումներ անցկացնել։
Վերապատրաստումները հիմնականում դեպքի վայրի հետ կապված գործընթացներ են, որոնց նպատակն է, որպեսզի քրեական ոստիկանները վերապատրաստման ընթացքում վիրտուալ տիրույթում ծանոթանան դեպքի վայրի ընդհանուր տրամաբանությանը, ինչը հետագայում կկիրառեն պրակտիկ գործունեության ընթացքում:
«Երեք տարուց ավելի է՝ ՆԳՆ կրթահամալիրը որդեգրել է կրթական համակարգում պրակտիկ ուսուցման գործընթացի վրա էական շեշտադրում կատարելու ուղղությունը, և այդ շրջանակում համագործակցում ենք միջազգային մեր բոլոր գործընկերների հետ»,-նշել է ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը:
Կրթական այս մոդուլներն առավելապես վերաբերում են քրեական ոստիկանությանը, սակայն ՆԳՆ կողմից իրականացվող կրթահամալիրային զարգացումները տանում են նրան, որ նման նորագույն տեխնոլոգիաները պետք է լայն տարածում ունենան նաև կրթության կազմակերպման գործընթացում:
«Ծրագրի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել: Առաջին հերթին դա կրթահամալիրի ֆունկցիոնալ վերանայումն էր, ինչից բխեց նոր տեխնոլոգիաներով հագեցված կրթական մոդուլների ներմուծումը կրթահամալիր։ Նշեմ, որ մենք համագործակցում ենք իսպանական «Guardia Civil»-ի հետ»,- ներկայացրել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ոստիկանության բարեփոխումների ծրագրի ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Մինչև տարեվերջ ակնկալվում է նմանատիպ սցենարային մոդուլ ունենալ նաև ճանապարհատրանսպորտային պատահարների մասով, որպեսզի պարեկային ծառայությունում նույնպես կարողանան կիրառել այս նորագույն տեխնոլոգիաները։