Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այս մասին ՖԲ իր էջում գրել էր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, նշելով, որ կենտրոնի ֆինանսավորումը կկազմի 3,5 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 8,5 մլն ԱՄՆ դոլար)։
«Մեր նորանկախ պատմության թերևս ամենամեծ միանվագ ներդրումը կլինի գիտության մեջ։
Վստահ եմ, տարիներ անց բոլորս տեսնելու ենք այս ձեռքբերման պտուղները, էս փոստն էլ հատուկ գրում եմ, որ ամեն տարի ֆեյսը հիշեցնի ու մենք էլ վերահսկենք»,- իրադարձությանն արձագանքել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ հավատ հայտնելով փոխնախագահի ձեռնարկած գործի հանդեպ։ «Ես առնվազն տեսել եմ ոնց ես ցանկացել ու պայքարել սրա համար»,- գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ այս ծրագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և NVIDIA ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի ապրիլի 21-ին Երևանում տեղի ունեցած հանդիպմանն արձանագրված առաջնահերթության իրականացումն է։