ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ անհայտ կորած զինծառայող Հենրիխ Մուրադյանի հորեղբայր Գոռ Մուրադյանը դադարեցրել է շուրջ 20 օր տևած հացադուլը:
 
Դեկտեմբերի 2-ին պատգամավորը տեղեկացրել էր, որ հանդիպել է շուրջ 18 օր հացադուլ հայտարարած անհայտ կորած զինծառայող Մուրադյան Հենրիխի հորեղբայր Գոռ Մուրադյանի հետ:
 
«Քննարկել ենք պարոն Մուրադյանի՝ նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառները, պահանջները, որոնք բարձրաձայնում է, ինչպես նաև՝ խնդիրների լուծումները և պարոն Մուրադյանի հացադուլից դուրս գալու հնարավոր պայմանները։ Պարոն Մուրադյանին հավաստիացրել եմ, որ իր բարձրացրած խնդիրները կբարձրաձայնեմ համապատասխան հասցեատերերին: 
 
Ըստ այդմ, բարձրաձայնում եմ հետևյալը`
44-օրյա պատերազմից հետո մինչ այս պահն, իմ ունեցած տեղեկություններով, ունենք 175 զինվորական և 20 քաղաքացիական անհայտ կորած անձ, բացի դրանից, 88-ն ունեն ԴՆԹ նույնականացման համընկնում, սակայն նրանց հարազատները հրաժարվում են դա ընդունել:
 
Այս ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գործընթացն ընթացել է բազմաթիվ խնդիրներով, ինչի պատճառով անհայտ կորածների հարազատները բազմիցս իրենց բողոքն են բարձրաձայնել: 
Այս ընթացքում, իմ ունեցած տեղեկություններով, անճշտությունների պատճառով տեղի է ունեցել 6 արտաշիրիմում՝ տվյալների ճշգրտման նպատակով:
 
Այս պատճառով 2022 թ հոկտեմբերի 20-ին ՀՀ Վարչապետը ընդունել է «Գերիների, պատամդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» թիվ N 1236-Ա որոշումը, որը միտված էր ստեղծված խնդիրները լուծելու համար:
 
Սակայն փաստն այն է, որ գրեթե 1 տարվա աշխատանքի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովը չի կարողացել լուծել նախորդ երկու տարվա ընթացքում կուտակված խնդիրները և անճշտությունները: 
Խոչընդոտների պատճառներն ինչպես օբյեկտիվ են, այնպես էլ սուբյեկտիվ։ Օրինակ՝ «բյուրոկրատական սարդոստայնը», որը, ըստ էության, արգելում է հանձնաժողովի անդամ հանդիսացող ՀԿ-ների ներկայացուցիչներին որոնողական աշխատանքները արդյունավետ շարունակելու համար ծանոթանալ կարևոր տեղեկություն հանդիսացող նախաքննական գաղտնիքին և անձնական տվյալներին: Ինչը, փաստացի, խոչընդոտում է առավել ամփոփիչ տեղեկատվություն տիրապետող հկ-ների ներկայացուցիչերին՝ քրեական գործերի շրջանակներում եղած տեղեկատվությունը համատեղել իրենց ձեռքի տակ եղած տեղեկատվության հետ, որը հնարավորություն կտար ամփոփ տեղեկատվություն ստանալ անհատապես յուրաքանչյուր անհայտ կորածի մասով:
 
Այդ առումով հասկանալի չէ ՀՀ քննչական կոմիտեի ոչ նախաձեռնողական դիրքորոշումը, որը թույլ չի տալիս հաղթահարել ստեղծված խնդիրները՝ դրանք գցելով բացառապես օրենքի արգելքի դաշտ:
 
Այս ամենի պատճառով ստեղծվել է լրջագույն անվստահության մթնոլորտ: Այս անվստահությունը հաղթաղարելու նպատակով՝
 
Դիմում եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-մայոր պարոն Աբազյանին՝ 
 
Հարգելի պարոն Աբազյան, խնդրում եմ աշխատանքային կարգով քննարկել վերոնշյալ խոչընդոտների հաղթահարման հնարավոր և անհնարին համարվող մեխանիզմները:
 
Դիմում եմ ՀՀ Վարչապետին՝
 
Մեծարգո՛ Վարչապետ, խնդրում եմ վերանայել Ձեր թիվ N 1236-Ա որոշումը, և միջգերատեսչական հանձնաժողովի կազմում հնարավորություն տալ ներգրավվելու նաև ՀՀ ԱԺ պատգամավորներին, քանզի ցանկություն ունեմ աշխատանքների վերահսկողության և արդյունավետությունը բարձրացնելու համար ներգրավվելու սույն հանձնաժողովի աշխատանքներում:
 
ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Վիլեն Գաբրիելյան»

452