Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Ծաղկաձորում բացման խոսքով են հանդես եկել «ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի գործողության մեջ դնելու հիմնահարցերի և դրանց լուծման օրենսդրական ու ինստիտուցիոնալ հեռանկարները» խորագրով աշխատանքային քննարկմանը: 

Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, Արա Մկրտչյանը նշել է, որ օրերս Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը, որի շրջանակներում արդեն իսկ ներդրվել են նոր ինստիտուտներ. օրինակ` համաձայնությամբ տուգանքի ինստիտուտը, որոնք ուղղված են գործնականում առաջացած մի շարք խնդիրների լուծմանը, նախաքննական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացմանը և հանրային ռեսուրսի ավելի թիրախային օգտագործմանը:

Այնուհետև շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են գործնականում իրենց կողմից դիտարկված խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։

Քննարկումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության կողմից՝ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Աջակցություն օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամին» ծրագրի շրջանակներում:

375