Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից կառուցվող Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը և այլ պաշտոնատար անձինք։

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում կառուցվող կենտրոնում կիրականացվեն կրթական և զարգացման նոր ծրագրեր ու նախաձեռնություններ, կմատուցվեն սոցիալական, հոգեբանական, լոգոպեդի և մի շարք այլ ծառայություններ 16 համայնքի շուրջ 3000 երեխայի։ Կարևորելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում տարբեր կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը՝ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ ոլորտային առաջնահերթությունների, այդ թվում՝ ապաինստիտուցիոնալացման գործընթացի և երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման անհրաժեշտ գործիքակազմերից մեկն էլ համայնքահեն ծառայությունների ստեղծումն է։

Այս համատեքստում շեշտվել է նաև պետության կողմից գործընկեր կազմակերպություններին արտապատվիրակված ծառայությունների դերը՝ ուղղված համայնքում երեխայի կարիքի և ծնողի ծնողավարման հմտությունների զարգացմանը։ Միջոցառման շրջանակում ներկաները ևս ընդգծել են նմանօրինակ կենտրոնների գործունեության անհրաժեշտությունը՝ երեխաների կարողությունների և հնարավորությունների համաչափ զարգացման ու իրավունքների լիարժեք իրացման ուղղությամբ: 

358