Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման ծրագիրն ընդլայնվել է: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

 

Մարզային բնակչության համար ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով այսուհետ ծրագիրը կգործի նաև «Վանաձորի բժշկական կենտրոն»-ում՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

 

«Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշմամբ պացիենտներին «Վանաձորի բժշկական կենտրոն»-ում կիրականացվի ներերակային թրոմբոլիտիկ թերապիա՝ «Գյումրու բժշկական կենտրոնի» կաթվածի թիմի մասնագետների ցուցումով՝ կիրառելով «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում գործող հեռաբժշկության բաղադրիչը, որից հետո` հետագա բուժօգնության կազմակերպման նպատակով, պացիենտը կտեղափոխվի «Գյումրու բժշկական կենտրոն»:

 

Սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների դեպքում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող անվճար բուժման իրավունքից 2023 թվականին օգտվել է շուրջ 770 պացիենտ:

 

Ծրագրում ընդգրկվելու հիմք է պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը:

 

Այսպիսով, Առողջապահության նախարարության ծրագիրը գործում է Երևանի 4 բժշկական կենտրոնում, ինչպես նաև Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններում:

469