Մինչ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական պատերազմի վրա, աշխարհաքաղաքական մեկ այլ մեծ տեղաշարժ է տեղի ունենում Եվրոպայում, այս անգամ՝ Հարավային Կովկասում: Չնայած Ռուսաստանից իր պատմական, տնտեսական, էներգետիկ և ռազմական կախվածությանը և նրա հողում հազարավոր ռուս զինվորների ֆիզիկական ներկայությանը՝ Հայաստանի կառավարությունը համարձակ ջանքեր է գործադրել Հայաստանի ժողովրդավարությունն ամրապնդելու և ժողովրդավարական Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար:

Սա պահանջում է, որ ԵՄ-ն որդեգրի Հայաստանում ժողովրդավարության համար ավելի հավակնոտ ռազմավարություն, և դա պետք է սկսել այն թյուր կարծիքից, որ ԵՄ-ն պետք է չեզոք խաղացող լինի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում: Եվրոպան պետք է միջնորդի դեր խաղա բանակցություններում՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար, սակայն նրա մոտեցումը պետք է արտացոլի այն իրողությունը, որ Հայաստանը ընտրել է եվրոպական ժողովրդավարական երկրների համայնքը, մինչդեռ Ադրբեջանը գտնվում է ագրեսիվ ինքնավարության ճամբարում: Եվրոպական հստակության և հավակնությունների բացակայությունը կարող է սպառնալ Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը:

Նոր մոտեցումը պետք է սկսվի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ գագաթնաժողովում, որտեղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կհյուրընկալի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հոդվածը Le Monde-ում

244