ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը ելույթ է ունեցել ապրիլի 11-12-ը Երևանում կայացած 5-րդ Հայ-վրացական իրավական ֆորումին՝ վրաց գործընկերներին ծանոթացնելով Հայաստանի աշխատանքներին, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին ու համակարգի այլ բարեփոխումներին։

Ամբակում Գրիգորյանը մասնավորապես ներկայացրել է ազատազրկված անձանց կրթության ապահովման գործընթացները, որոնց շարունակական զարգացման արդյունքում 2024 թվականին կրթական ծրագրերում ընդգրկվելու են աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններ։

Ծառայության պետը խոսել է նաև վերասոցիալականացման ոլորտի զարգացմանն ուղղված այլ ծրագրերից, որոնց շրջանակներում, ի թիվս այլնի, նախատեսվում է ազատազրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունների ընդլայնում։ Ամբակում Գրիգորյանն անդրադարձել է նաև դատապարտյալների աշխատանքային զբաղվածությունն ապահովելու և բարելավելու նպատակով ձեռնարկվող միջոցներին։ Բացի այդ՝ նախատեսվում է ստեղծել միասնական թվային տիրույթ, որտեղ առկա կլինի ամբողջական տեղեկություն անձի վերաբերյալ։

Ֆորումի շրջանակներում Վրաստանի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտացնել հարաբերությունները քրեակատարողական ոլորտում, կազմակերպել համատեղ վերապատրաստումներ՝ ընդլայնելով լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները։

175