Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ Փարիզի օլիմպիական խաղերի ժամանակ կդադարեն ռազմական գործողություններն Ուկրաինայում, ինչպես նաև այլ ռազմական հակամարտությունները, մասնավորապես Մերձավոր Արևելքում և Սուդանում։ Երկուշաբթի՝ ապրիլի 15-ին, ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Մակրոնն ասել է, որ մտադիր է «անել հնարավոր ամեն ինչ՝ առաջիկա ամառային խաղերի ժամանակ օլիմպիական հրադադար ձեռք բերելու համար»։

Միևնույն ժամանակ, 2024 թվականի օլիմպիական խաղերից ուղիղ 100 օր առաջ տված հարցազրույցում Մակրոնը պաշտպանել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշումը՝ թույլ տալ Ռուսաստանի մարզիկների մասնակցությունը չեզոք կարգավիճակում: «Ռուսաստանը հրավիրված չէ, նրա ղեկավարը չի կարող հրավիրվել, բայց մարզիկները կմասնակցեն մրցումներին առանց օրհներգի ու դրոշի»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

ՄՕԿ-ի տվյալներով՝ մոտ 40 ռուսաստանցի կկարողանա մասնակցել Փարիզի օլիմպիական խաղերին։ Այս մասին վերջնական որոշումը կկայացնեն միջազգային ֆեդերացիաները։ Միաժամանակ ՄՕԿ-ն արգելել է ռուսներին ու բելառուսներին մասնակցել մարզիկների շքերթին։

Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

424