Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում խուզարկություններ էինիրականացրել։

Ըստ շրջանառվող լուրերի՝ բժշկական կենտրոնը, որտեղ իրականացվել է խուզարկությունը, «Ուիգմոր քլինիքն» է:

Կատարված քննչական գործողությունների վերաբերյալ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հետևյալ հայտարարությունն է տարածել․

«Ի պատասխան այսօր զանգվածային լրատվամիջոցներով «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի վերաբերյալ տարածված լուրերի՝ ցանկանում ենք հայտնել հետևյալը.

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունում այսօր կատարվել են քննչական գործողություններ: Հիմք ընդունելով այն, որ ՀՀ օրենսդրության համաձայն նախաքննական մարմինների կողմից իրականացվող գործողությունները գաղտնի են և հրապարակվում են բացառապես վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ, ուստի հավելյալ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունը չունի:

Միաժամանակ, մեր գործընկեր զանգվածային լրատվամիջոցներին խնդրում ենք զերծ մնալ այնպիսի տեղեկատվություն հրապարակելուց և տարածելուց, որը չի համապատասխանում իրականությանը և որի վերաբերյալ տեղեկությունները ստացվել են ոչ հավաստի աղբյուրներից:

Կարևոր ենք համարում ընդգծել, որ Ուիգմորի առաջնային նպատակը և առաքելությունը Հայաստանում երեխաներին բարձրակարգ, վստահելի և անվտանգ բուժօգնության տրամադրումն է:

Նույնիսկ նմանատիպ իրավիճակներում, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անձնակազմը շարունակում է բնականոն գործունեությունը և որևէ կերպ չի խաթարվում բուժառուների բժշկական օգնության ստացման կարևորագույն իրավունքը»։

596