Այսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում «Volkswagen Dora» մակնիշի ավտոմեքենան Քարաշամբ- Լուսակերտ ավտոճանապարհի Քարաշամբ գյուղի վարչական տարածքոում բախվել է երկաթե արգելապատնեշներին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին, հողաթմբերին ու գլխիվայր շրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 15-20 մետր հեռավորության վրա:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարաության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Եղվարդի թիվ 046 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը։

Ավելի ուշ «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուս վիրավորին «Աբովյան» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

114