«Մի հին ընկեր ունենք, որը Ոսկեպար-Կիրանց գծի ակտիվ աջակիցներից է։
Վերջերս ինձ մեղադրել է այն բանի մեջ, որ այս քաղաքական գծի շրջանակում՝ հաշվի առնելով բոլոր ֆակտորները՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, մենք ուղիղ ճանապարհով գնում ենք դեպի «Միութենական պետություն», և մեղադրել ու միաժամանակ հորդորել է ինձ բանավեճի մեջ չմտնել իր հետ ու որևէ հակափաստարկ չբերել, հավանաբար՝ դե, ես, մեկ է, բան չեմ հասկանում՝ տրամաբանությունից ելնելով: Կարճ ասած՝ ինքը ճիշտ է և վերջ»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը՝ շարունակելով.
«Քանի որ այս նույն տրամաբանության մեջ և վերջին իրադարձությունների ֆոնին հիմա էլ դարձել ենք ապազգային և ապապետական տարր, ամենայն անկեղծությամբ խնդրում եմ ինձ բացատրել՝ ըստ ձեզ՝ ձեր պատկերացումով, ձեր մտածելակերպով, ո՞րն է պետականը, ազգայինը, և ըստ այդմ՝ ո՞րն է ապապետականը, ապազգայինը:
Կրկնեմ՝ ամենայն անկեղծությամբ ինձ հետաքրքիր է՝ ո՞վ ինչպես է հասկանում այս ձևակերպումները, ո՞ւմ համար ինչ են սրանք նշանակում՝ անկախ նրանից՝ անձամբ ինձ կհամարի ապապետակա՞ն, ապազգայի՞ն, թե՞ հակառակը, թե՞ սաղ իրար հետ միասին:
Հ.Գ. Հորդորում եմ՝ եթե կարձագանքեք հարցիս և կարտահայտեք ձեր կարծիքը՝ անկախ նրանից՝ ինչպես եք վերաբերվում այս կամ այն մարդուն, մեկնաբանություններում պահպանեք կոռեկտությունը:
Եղեք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն»: