Երեւանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը աննախադեպ վճիռ է կայացրել ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերության նկատմամբ՝ բավարարելով  «ՄՏԿ» ՓԲԸ-ի հայցը։

Այս վճիռն այնքանով է աննախադեպ, որ դատարանն ըստ էության նաև հանրային շահն է սպասարկել, որովհետև գազահաշվիչների գնման գործընթացը, որի օրինականությունը հայկական ՄՏԿ ընկերության կողմից վիճարկվել էր դատարանում՝ առնչվում էր  նաև քաղաքացիների՝ «Գազպրոմին» վճարած գումարների ոչ արդյունավետ ծախսմանը։

Դատարանը բավարարելով ՄՏԿ-ի հայցը, արձանագրել է հետևյալը․

  • Հայցվորը պնդել է, որ ընթացակարգի հրավերով գնման առարկա հանդիսացող G4 տեսակի բնական գազի 10 տարբեր կենցաղային հաշվիչներից ոչ մի հաշվիչ արտաքին հարաչափերով չի համապատասխանում «№099/GArm/24_4.3_016/05.03.24» ծածկագրով մրցակցային ընտրության անցկացման ընթացքում նախնական ընտրության 1-ին փուլի վիճարկվող հրավերի պահանջներին, իսկ G6 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչներից համապատասխանում են միայն 2 արտադրողի հաշվիչները: Նշված փաստի վերաբերյալ հայցվորը կատարել է ուսումնասիրություն և Դատարանին է ներկայացրել տեսակի հաստատման սետիֆիկատ ունեցող G4 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչներից 10 տարբեր հաշվիչների տվյալները, որոնց հարաչափերը չեն համապատասխանում հրավերով սահմանված պահանջներին: Ըստ ընթացակարգի հրավերի՝ G4 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչների համար սահմանվել է բարձրություն ոչ ավել, քան 215մմ, լայնություն ոչ ավել, քան 200, խորություն ոչ ավել, քան 155մմ, մինչդեռ ներկայացված և տեսակի հաստատման սերտիֆիկատ ունեցող 10 տարբեր հաշվիչների չափերը չեն համապատասխանում հրավերով սահմանված պահանջներին, մասնավորապես՝ տեսակի հաստատման սերտիֆիկատ ունեցող 10 հաշվիչների խորությունը տատանվում է 157-175մմ միջակայքում, մինչդեռ հրավերով սահմանված է ոչ ավել, քան 155մմ, իսկ տեսակի հաստատման սերտիֆիկատ ունենցող G6 տեսակի 7 տարբեր բնական գազի կենցաղային հաշվիչներից հրավերի պահանջներին բավարարում են միայն 2-ը:
  • Դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջը այն հիմքով, որ տեսակի հաստատման սերտիֆիկատ ունեցող G4 հաշվիչների հարաչափերը չեն համապասխանում հրավերի պահանջներին և դրա հետևանքով առաջացնում են հրավերին մասնակցելու անհնարինություն, հիմնավոր է, քանի որ տեսակի հաստատման սերտիֆիկատ ունեցող բնական գազի կենցաղային հաշվիչների՝ հրավերի պահանջներին համապատասխանելու փաստի ապացուցման պարտականությոնը կրել է պատասխանողը, որը չի իրականացրել:
  • Դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջը երրորդ հիմքով ևս հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. Հայցվորը գտել է, որ ընթացակարգի հրավերով մեկ չափաբաժնում խմբավորվել են առանձին բնութագրեր ունեցող 2 տարբեր բնական գազի կենցաղային հաշվիչներ՝ G4 և G6 տեսակի, որը հակասում է Օրենքի 25-րդ հոդվածի պահանջներին: Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է խմբավորել առանձին բնութագրեր ունեցող գնման առարկաները մեկ չափաբաժնում, բացառությամբ այն դեպքերի, երբ պատվիրատուն հիմնավորում է նման խմբավորման անհրաժեշտությունը:

Այսպիսով՝ դատարանը նախագահությամբ դատավոր՝ Թաթուլ Ղուկասյանի, որոշել է «ՄՏԿ» ՓԲ ընկերության հայցն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կարիքների համար «G4 եւ G6 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչների» ձեռքբերման նպատակով վերջինիս կողմից հայտարարված «No099/GArm/24_4.3_016/05.03.24» ծածկագրով մրցակցային ընտրության անցկացման ընթացքում նախնական ընտրության 1-ին փուլի հրավերն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել։

Դատարանը նաեւ որոշել է անվավեր ճանաչել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կարիքների համար «G4 եւ G6 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչների» ձեռքբերման նպատակով վերջինիս կողմից հայտարարված «No099/GArm/24_4.3_016/05.03.24» ծածկագրով մրցակցային ընտրության անցկացման ընթացքում նախնական ընտրության 1-ին փուլի հրավերը:
  
Հիշեցնենք, որ ՄՏԿ-ի դեմ արշավով զբաղվում են «Գազպրոմի» կոմերցիոն բաժնի պետ Արթուր Մխիթարյանը, գնումների նախապատրաստման, անցկացման բաժնի
պետ Անդրանիկ Խաչիկյանը:

2573