ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին:

 

ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին մաղթել է հաջողություն ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում ու համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը:

 

«Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի և Արգենտինայի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Մեր երկրների միջև ձևավորված է փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ, և Հայաստանը հետաքրքրված է Արգենտինայի հետ հարաբերությունների խորացմամբ բոլոր ուղղություններով»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

 

Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը փաստել է երկու երկրների միջև վաղեմի բարեկամական հարաբերությունների մասին` կարևորելով Արգենտինայի հայ համայնքի դերն Արգենտինայի Հանրապետության մշակութային և հասարակական կյանքում:

 

Անդրադառնալով Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին` զրուցակիցները կարևորել են բարեկամական խմբերի և երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում:

 

Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

 

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն անում է ամեն բան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար և ապավինում է միջազգային բոլոր գործընկերների աջակցությանն այս հարցում:

 

«Արգենտինան տեսնում է Հայաստանի Հանրապետության ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում: Մենք վստահաբար աջակցում ենք այս գործընթացին և հուսով ենք, որ այն շուտով կիրագործվի»,- նշել է դեսպանը:

284