ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Սարգսյանը (Ստեփանակերտի համայնքապետ) , Սուսաննա Բեգլարյանի (Ստեփանակերտի քաղաքային տեսչության եկամուտների բաժնի պետ) օժանդակությամբ, Սաշա Ղազարյանի և Գագիկ Պողոսյանի (Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն) հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև պատրաստել է իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր և Սաշա Ղազարյանի և Գագիկ Պողոսյանի հետ խմբի կազմում օգտագործել դրանք։

Մասնավորապես, Դ.Ս.-ն, խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, 2024թ. փետրվարի տարբեր օրերին կայացրել է գույքեր՝ 4 ավտոմեքենաներ, օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ և Ս.Ղ.-ին ու Գ.Պ.-ին տրամադրել դրանք օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։

Ս.Բ.-ն, օժանդակելով վերոնշյալ անձանց,  Ս.Ղ.-ին և Գ.Պ.-ին տրամադրել է նրանց կողմից վերոնշյալ 4 ավտոմեքենաներն օտարելու գործընթացի համար անհրաժեշտ՝ գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ։

Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին, դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ։

Արդյունքում Դ.Ս.-ն, Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն, Ս.Բ.-ի օժանդակությամբ, առերևույթ հափշտակել են այլ անձի (անձանց) պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքեր՝ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» մակնիշի և «VAZ 212140» մակնիշի ավտոմեքենաներ:

Ձեռք բերված տվյալների հիման վրա Դ.Ս.-ի, Ս.Ղ.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ս.Բ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Նշված 4 անձանց ձերբակալելու որոշում է կայացվել:

Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ՝ այլ գույքերի հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ԾանուցումՀանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

894