Ավարտվել է մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ երեք անձի մասով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

 

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, մի խումբ անձինք, այդ թվում Վայոց Ձորի 27 և 20–ամյա բնակիչները, Սյունիքի մարզի 39–ամյա բնակիչը, խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:

 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոնշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։

 

Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

 

Խուլիգանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և դրանց համապատասխան իրավական գնահատական տալու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

366