Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ին ընդառաջ՝ հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Մանալ Ավադի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄ նախարարությունից:

COP17-ին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային պատվիրակություններ։ Համաժողովի շրջանակում նախարարը իր առաջին երկկողմ հանդիպումն անցկացրել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Մանալ Ավադի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Ամալ Աֆիֆին։
Եգիպտացի գործընկերոջ հետ նախարարը քննարկել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները՝ անդրադառնալով մասնավորապես թափոնների կառավարման, արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի, կենսաբազմազանության պահպանության և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ուղղություններով իրականացվող աշխատանքներին։

Գործընկերները հետաքրքրություն են հայտնել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման փորձի նկատմամբ՝ ցանկություն հայտնելով այցելել այդ տարածքներ և տեղում ծանոթանալ իրականացվող բնապահպանական ծրագրերին։

Անդրադարձել են նաև COP17-ի օրակարգային հարցերին։

Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Եգիպտոսի ակտիվ ներգրավվածությունը միջազգային բնապահպանական գործընթացներում՝ ընդգծելով կառուցողական երկխոսության և համագործակցության նշանակությունը COP17-ի շրջանակում գործնական արդյունքներ ապահովելու համար։

57