Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին իր մասնակցության հիմնական խնդիրը կլինի արևմտյան գործընկերներին համոզել Իրանին հակազդելու համար ուժերը միավորելու անհրաժեշտության մեջ։
«Ես մեկնում եմ Վաշինգտոն՝ ներկայացնելու Իսրայել պետությունը մեկ հստակ նպատակով՝ զգուշացնել տասնյակ առաջնորդների և արտաքին գործերի նախարարների, որ այժմ ժամանակն է դիմակայելու Իրանին մեր ողջ ուժով և վճռականությամբ»,- ասել է նա տեսաուղերձում, որը տեսագրվել է թռիչքից առաջ։
«Մենք ունենք ընդհանուր թշնամի` իրանական ռեժիմը: Անցած ընտրություններում Իրանի ժողովուրդը հստակ ազդանշան ուղարկեց` արտահայտվելով այաթոլլաների ռեժիմի դեմ և պահանջելով փոփոխություններ: Արևմտյան աշխարհն այժմ պետք է կոշտ պատժամիջոցներ սահմանի Իրանի դեմ, ուժեղացնի ճնշումը իրանական ռեժիմի վրա, պահանջի վերացնել միջուկային ծրագիրը և վերջ տալ ահաբեկչական կազմակերպություններին և կոչել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին իր իսկական անունով՝ մոլորակի ամենամեծ ահաբեկչական կազմակերպությունը»,- կարծում է իսրայելցի նախարարը։