
Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ամբողջ գործընթացը օգոստոսի 1-ից hանրապետության 4 մարզերում իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ այս հարթակում։
Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կառուցապատում իրականացնելիս համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերը ստանալու համար անհրաժեշտ է էլեկտրոնային դիմում ներկայացնել այս հարթակի միջոցով։ Ուստի, պետք է ձեռք բերել նույնականացման կամ բջջային նույնականացման քարտ։
Համակարգում առանձնացված են նախագծման, շինարարության, քանդման թույլտվությունների, ավարտական ակտի (շահագործման թույլտվություն), ինչպես նաև թույլտվության երկարաձգման և մի շարք այլ գործառույթների համար դիմելու դաշտեր։
Քաղաքացիները, կազմակերպությունները կամ նրանց կողմից լիազորված անձինք կարող են էլեկտրոնային համակարգում հետևել իրենց դիմումի ընթացքին։ Գործընթացի բոլոր մասնակիցների՝ պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, մատակարար և այլ կազմակերպությունների աշխատանքը կլինի թափանցիկ ու վերահսկելի։ Թույլտվության տրամադրման հետագիծը կպահպանվի համակարգում։
Հայաստանի ամբողջ տարածքում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը թվային եղանակով նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարից։
Կոմիտեից հիշեցնում են, որ թվայնացման գործընթացը պիլոտային ծրագրով մեկնարկել էր 2022 թվականի հունվարի 1-ից՝ Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում e-permits.am համակարգի գործարկմամբ։