Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում՝ Դիլիջան խոշորացված համայնքի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են «Infiniti» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Վիրավորներից մի քանիսը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների անձնական օգտագործման ավտոմեքենաներով:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Մարտիրոսյանի և դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Դիլիջանի բաժնի պետը:
Վթարի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը ՝օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Դիլիջանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վիրավորներից 3-ը երեխաներ են, որոնց այս պահին տեղափոխում են Երևանի համապատասխան հիվանդանոցներ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի