Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիք վերադարձի հնարավորությանն ու մեխանիզմներին։ Անդրանիկ Գրիգորյանն այդ մասին խոսել է Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի վերածննդի օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ 

-Պարոն Գրիգորյան, օգոստոսը հատկանշական ամիս է հատկապես Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի բնակիչների համար, քանի որ օգոստոսին է նշվում քաղաքի վերածննդի օրը։ Լինելով Մարտունի քաղաքի բնակիչ՝ կներկայացնե՞ք թե ինչ գաղափար է իր մեջ կրում այն Ձեզ համար: 

-Օգոստոսը հիրավի մեծ կարևորություն ունի յուրաքանչյուր մարտունեցու համար, այն ակներև ապացույցն է մարտունեցու ոգու արիության, տոկունության, հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրումի: Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում, պատերազմի բովում, 1992 թ. օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը թեժ մարտեր էին ընթանում Մարտունու շրջանի բոլոր ուղղություններով, որը ճակատագրական և վճռորոշ պետք է լիներ Մարտունու շրջանի բնակչության համար։ Մարտերի ընթացքում իրենց կյանքը չխնայած հայորդիների շնորհիվ Մարտունու շրջանը և քաղաքը անառիկ մնացին: 

Մարտունու շրջանը չզիջեց թշնամուն որևէ հողակտոր, իսկ Մարտունի բերդաքաղաքը ո՛չ Արցախյան ազատամարտի և ո՛չ էլ 2020 թ. 44-օրյա ու 2023 թ. սեպտեմբերի 19-20 ընթացած պատերազմական գործողությունների ժամանակ չընկավ թշնամու ձեռքը և մնաց կանգուն շնորհիվ քաջ և անձնուրաց մարտիկների, այն պարագայում, երբ թշնամին իր զինանոցի ողջ ուժերով կենտրոնացած էր քաղաքի ուղղությամբ և ջանք չէր խնայում գրավելու այն։ 2007թ. ապրիլի 5-ին Մարտունու քաղաքի ավագանին որոշում կայացրեց օգոստոսի 17-ը հռչակել Մարտունի քաղաքի վերածննդի օր։ Այս տարի այդ օրը նորովի է նշանավորվել մարտունեցիներիս համար: Այն իր մեջ ներառում է ոչ միայն անձնազոհ և քաջ հայորդիների պայքարի և սխրանքի խորհուրդը, այլ նաև մեր ներկայիս պայքարի տեսլականը: 

-Պարոն Գրիգորյան, Դուք նշեցիք ներկայիս պայքարի մասին, կարո՞ղ եք մանրամասնել Ձեր տեսլականը։ 

-Յուրաքանչյուր մարտունեցու սրտում վառ է վերադարձի գաղափարը: 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանը պետական մակարդակով սկսեց իրականացնել հակահայ գործողություններ, և քաղաքացիական բնակչության սպանություններով, որոնց թվում կային երեխաներ, կանայք, ծերեր, զոհերի մարմինների խոշտանգումներով և դաժան վերաբերմունքով, բռնություններով, գերեվարումներով և առևանգումներով, սպառնալիքներով և ահաբեկումներով իրականացրեց արցախահայության էթնիկ զտում՝ բռնի ուժով տեղահանելով հարյուր հազարավոր բնակչության, զրկելով նրանց սեփական հողում ապրելու իրավունքից: Այսօր մեր պայքարը չի դադարելու մենք ունենք վերադարձի արդարացի իրավունք, որը սահմանվում է միջազգային մի շարք ակտերով և նորմերով ինչպիսիք են 1951 թ. Փախստականների մասին կոնվենցիան և դրա 1967թ. արձանագրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը, Ժնևի կոնվենցիան և այլն: Արցախահայերիս, մարտունեցիներիս ոտնահարված իրավունքների վերականգնմանն ուղղված մեր պայքարը արդարացի է, որի վերջնարդյունքին հասնելուն ուղղված քայլերը չեն դադարելու։ Ոչ ոք իրավասու չէ խախտել հայրենիք մեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը: 

-Ո՞րոնք են վերադարձի մեխանիզմների ձեր պատկերացումները:

-Ինչպես բազմիցս նշել եմ, մեր հավաքական վերադարձը հնարավոր է այն պարագայում, երբ կլինեն միջազգային գործնական և ամուր երաշխիքներ։ Արցախահայերիս վերադարձի համար կարևոր և միևնույն ժամանակ պարտադիր նշանակություն ունի միջազգային հաստատուն ներգրավվածությունը այս գործընթացներին։

Վերադարձի մեխանիզմների մեջ կարևոր են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային պարտավորությունները և միջազգային իրավունքի շրջանակներում կիրառվող գործիքները, որոնք կպաշտպանեն արցախահայերիս արժանապատվությունը, ազատությունը և անվտանգությունը: Վերադարձի գործընթացը պետք է լինի հստակ իրավական հիմքի վրա՝ ապահովելով միջազգային իրավունքի գերակայության և արդարության պահպանությունը։ 

Այո, վերջին տարիներին միջազգային հանրության կողմից բազմիցս հնչել են կոչեր և դատապարտություններ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք, սակայն, այսօր մոռացության են մատնվել, ինչը կարող է հանգեցնել նոր աղետի։   

-Խոսելով Մարտունի քաղաքի վերածննդի օրվա մասին, պարոն Գրիգորյան, ի՞նչպիսի ուղերձ կցանկանայիք հղել։

-Վերածննդի օրվա կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորական ուղերձ հղել մարտունեցիներին։ Վերջին շրջանում մեզ համար կարևոր օրերը դիմավորում ենք դժվար իրադրության պայմաններում, մասնավորապես այս տարի, սակայն հիմա ավելի քան երբևէ պետք է համախմբված լինենք, միասնական պայքարի ճակատ ստեղծելով և պայքարելով մեզ համար կենսական նշանակություն ունեցող իրավունքների՝ մասնավորապես մեր հայրենի հող վերադարձի իրավունքի համար։ Զինվենք արցախահային հարիր տոկունությամբ ու քաջությամբ և չթողնենք թշնամուն խզել մեր պատմական կապը մեր քաղաքի, շրջանի և հայրենի հողի հետ։ Մարտունի բերդաքաղաքի սիրտում և հոգում հայն է, արցախահայը, մարտունեցին, ով կրողն է  քաղաքի պատմության և շարունակելու է լինել։ Մեր պայքարը արդարացի է, մեր հայրենի հողում ապրելը մեր անբեկանելի և անքակտելի իրավունքն է։

 

447