Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարթ չի ընթանում բանակցային գործընթացը, կան մի շարք դժվարություններ և մի շարք չհամաձայնեցված դրույթներ, բայց խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասը համաձայնեցված է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Բաքուն փակուղային իրավիճակ է ստեղծում խաղաղության պայմանգրի ստորագրման համար:
«Տարբեր հայտարարություններ լսում ենք Բաքվից, նաև այդ հայտարարությունների մի մասն ընդհանրապես կառուցողական չէ, և չի խոսում բարիդրացիական վերաբերմունքի մասին, բայց ՀՀ-ն շարունակում է առաջ տանել իր նարատիվները: Մենք համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների հետ, խոսակցություն ունենք Ադրբեջանի հետ առնվազն»,- ասաց Հովհաննիսյանը, ապա հավելեց, որ փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանից հնչել են բովանդակության իմաստով դեռ ավելի վատ հայտարարություններ, բայց հետո ստացվել է որոշակի հաջողության հասնել, օրինակ, գերիների վերադարձի առումով:
«Հետևաբար սա չընդունենք որպես փակուղի, որովհետև եթե մենք հետ գնանք ժամանակագրորեն, կհասկանանք, որ բազմաթիվ իրավիճակներ են եղել, երբ զգացել ենք կամ հասկացել ենք, որ փակուղում ենք, բայց իրավիճակը հարթվել է»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ է Բաքուն նման հայտարարություններ անում, Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց՝ իր ընկալումը, այնուամենայնիվ, այն է, որ Հայաստան-Ադրբեջան երկխոսությունն ունի ստացված դրվագներ:
«Բայց փորձը ցույց է տալիս, որ երբ այդ խոսակցության խառնվում են տարածաշրջանային այլ երկրներ, որոնք այլ շահեր ունեն այս տարաշաշրջանում, նրանց ճնշումները ևս կարող են անդրադառնալ Հայաստան-Ադրբեջան խոսակցության վրա:
Ասածս այն է, որ կարող է երրորդ երկրի ներգրավվածության արդյունքում Ադրբեջանն այլ հռետորաբանություն դրսևորի՝ սպասարկելով բոլորովին այլ երկրների շահեր, ինչը խանգարում է, բնականաբար, բանակցային գործընթացին:
Սա առաջին դեպքը չէ, մենք ծանոթ ենք այս իրավիճակին, ծանոթ ենք Ադրբեջանի նման մոտեցումներին, ծանոթ ենք նաև տարածաշրջանի այլ երկրների մոտեցումներին և դրանց ազդեցությանը մեր և Ադրբեջаնի խոսակցության վրա: Այս ամենը հաշվի առնելով ենք շփվում Ադրբեջանի հետ»,- ասաց նա: