Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՔԿ-ն անդրադարձել է սեպտեմբերի 10-ին «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի ձուլարանում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով մեկ անձ մահացել է, կան տուժածներ:

 

«Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թ. սեպտեմբերի 10-ին` ժամը 16:45-ի սահմաններում, «Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքի մետաղաձուլարանում տեղի է ունեցել օդի տարայի պայթյուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով 6 անձ, ովքեր տվյալ օբյեկտը շահագործող ընկերության աշխատակիցներ են, տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Հիշյալ անձանցից մեկը՝ Հրազդան քաղաքի 46-ամյա բնակիչը, գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

 

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն։

Վերոնշյալ 6 անձինք ճանաչվել են տուժող։ Տուժողներից երկուսը հարցաքննվել են, իսկ մյուս երեք անձանց հետ անհրաժեշտ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել՝ առողջական վիճակի պատճառով։

 

Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, դատապայթյունատեխնոլոգիական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։

 

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ պայթյունի պատճառները, տվյալ օբյեկտում անվտանգության ապահովման սահմանված պահանջների պահպանվածության վիճակը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

156