Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։

«Չգիտես ինչու, մենք այն անվանում ենք «Հայկական կարուսել»։ Չգիտեմ, միգուցե Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել»։ Սրա էությունն այն է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով անձանցից տարբեր պատրվակներով առգրավում են անձը հաստատող փաստաթղթեր, հետո օգտագործում քվեարկության համար: Մեկ ID-ով և տարբեր էլեկտրոնային սարքերով դա հնարավոր է նույնիսկ 17 անգամ: Նրանց տրամադրության տակ են հայտնվել մեծ թվով նույնականացման քարտեր և անձնական համարներ»,- նշել է նախագահը։

Թե ինչ հնարավոր ընտրակեղծիքների մեթոդներ են կիրառվել կամ առհասարակ այդպիսիք եղել են, թե ոչ Վրաստանում՝ ամենևին մեր գործը չէ, բայց փաստորեն մեզ բարեկամ երկրում տեղյակ են, թե երկար տարիներ շարունակ ինչպես են Հայաստանում կեղծվել ընտրությունները ու ճիշտ էլ բնորոշել է Վրաստանի նախագահը՝ «հայկական կարուսել», ինչը, ըստ ժողովրդի և հայկական մամուլի՝ համարվում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակային ընտրակեղծիքի տեսակ, որը հետագայում կատարելագործվել է Սարգսյանի իշխանության ժամանակ և դարձել ամենադժվար հայտնաբերվող ընտրակեղծարարության տեսակ։

Օրինակ՝ 2003 թվականին նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, որոնք միջազգային կազմակերպությունները որակել էին կեղծված ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն իր դիտորդական եզրակացության մեջ նշել էր, որ ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի` երկրորդ ժամկետով մնալը նախագահի պաշտոնում այն աստիճան էր վիճարկելի, որ Սահմանադրական դատարանը վստահության հանրաքվե անցկացնելու վճիռ էր կայացրել:

Ի դեպ՝ այս ընտրություններից հետո ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Քոչարյանին ուղղված նամակում հիասթափություն էր հայտնել, որ «Հայաստանը բաց է թողել ժողովրդավարական ընտրություն անցկացնելու հնարավորությունը»:

Հետագայում՝ Սերժ Սարգսյանի երկրորդ ընտրության ժամանակ, «հայկական կարուսելն» աշխատում էր  այսպես՝ հանրապետականի «տասովշիկները» բանակցություններ էին վարում սոցիալապես խոցելի բնակիչների հետ՝ խոստանալով ընտրակաշառքը տալ, երբ իրենք արդեն քվեարկված քվեաթերթիկը ստանալուց հետո կմտնեն քվեախցիկ և այնտեղից իրենց հետ դուրս կբերեն մաքուր քվեաթերթիկը:

1206