Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի էկոլոգիական անցման, կենսաբազմազանության և կլիմայի ու բնության միջազգային բանակցությունների նախարար Մոնիք Բարբյուի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի ուղեկցությամբ: Պատվիրակությանը դիմավորել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Այս մասին հայտնել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Տիկին Մոնիք Բարբյուն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հրաչյա Թաշչյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ են լսել հատկապես Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեության մասին:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան և ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Վերջում ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել այցելության համար և տիկին Մոնիք Բարբյուին նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։

73