Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երկաթգիծը նոր ասելիք է աշխարհին, այսինքն մենք ասում ենք՝ արևմուտքից-արևելք, արևելքից-արևմուտք, հյուսիսից-հարավ, հարավից-հյուսիս բեռնափոխադրումներ իրականացնելիս նոր ուղղություն կա, որը կարող եք օգտագործել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

 

«Հատկապես այն կոնտեքստում, որ նախկինում գործող ուղղությունները այժմ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով փակ են: Մերձավոր արևելքում կա կոնֆլիկտ, որը բնականաբար տրանսպորտային հաղորդակցության վրա ազդում է: Եվ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը Հայաստանի, իր հարևանների և աշխարհի համար փող աշխատելու միջոց է, նոր տրանսպորտային ուղի, և մենք գործող բարդ ճանապարհներին առաջարկում ենք  այլընտրանքային հեշտ ճանապարհ»,- ասաց նա:

 

Դիտարկմանը, որ Ադրբեջանի կողմից կարծես դրական արձագանք չկա Խաղաղության խաչմերուկի» ծրագրի հարցում, Պապոյանն ասաց. «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի ու Ադրբեջանի հարց չէ. շատ երկրներ ողջունել են այս քայլը, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շարունակում են քննարկումները։

«Մենք միշտ ուրախացել ենք, որ մեր սահմանները փակ են, նույնիսկ նարատիվներ են ՀՀ-ում տարածվել, որ եթե հանկարծ սահմանը բացվի, մեր վերջը կգա: Ճիշտ է, որ մենք ամրոցի մեջ փակ մնանք, բայց իրականում մենք ոչ մեկի առաջ սահման չենք փակել: Սահմանը այլ երկրներն են փակել, որպեսզի Հայաստանին տնտեսապես չեզոքացնեն, խնդիրներ ստեղծեն: Եկեք արձանագրենք, որ դա հաջողվել է: Մեր տնտեսությունը պատրաստ չէր այդ պատերազմին: Եթե լիներ բաց սահման, մեր տնտեսությունը 2 անգամ ուժեղ լիներ, կհաջողեր:

Մենք հիմա ասում ենք՝ մեր հարևանների հետ խնդիրներ չունենք, որևէ մեկի նկատմամբ չունենք տարածքային պահանջ ու պատրաստ ենք մեր հարաբերություններում նոր էջ սկսել, որի շրջանակում է բաց սահմանը, առևտուրը»,- նշեց նա։

211