Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետը ԱԺ-ում ամփոփելով բյուջեի քննարկումները ասաց, որ մեր խնդիրները լուծելու իրական նախադրյալ ստեղծելու համար մենք պետք է նախ հասկանանք ինչ եւ ինչու է մեզ հետ կատարվում ու կատարվողի մեջ ինչն է անհրաժեշտ ուղղել. «Այսօրվա մեր հավաքական սոցիալմտածողությունը կամ սոցիալհոգեբանությունը էականորեն ապապետական է։ Եթե քիչ ավելի ճիշտ ձեւկերպենք՝ մեր ենթագիտակցությունն է ապապետական։ Ես ինձ պարբերաբար բռնում եմ այն մտքի վրա, որ երբեմն այն, ինչ ասում ենք, այն, ինչ պնդում ենք, հավատում ենք՝ երբեմն, հաճախ կամ գրեթե միշտ այս կամ այն չափով իր վրա կրում է ապապետականության անտեսանելի, անարձանագրելի կնիք»։
Վարչապետը շեշտեց՝ միայն պետությունն է մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման գրավականը. «Եւ նույնիսկ մենք սա մինչեւ վերջ եւ ամբողջական չենք գիտակցել։ Կա պետություն՝ մենք կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա պետություն՝ մենք չենք լինի որպես հայ ժողովուրդ»։
Փաշինյանը նշեց՝ խիստ կանխատեսելի էր, որ ընդդիմության ներկայացուցիչները հերոսություն կապեցին սահմանը պահող կամավորի եւ կամավորոթյան հետ. «Եթե խոսքը «կեցցե մեր հայ կամավորը, գինի լից» երգի կամավորի մասին է, այդ կամավորի գոյությունը ունի պետության չգոյության պայմաններ։ Այսինքն՝ այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է: Հանուն արդարության պետք է ասել, որ այսօր էլ կամավորներ կան, բայց իրենց գոյությունն ու անհրաժեշտությունը նույնպես պայմանավորված է պետական ինստիտուտի ոչ լիարժեքության հետ և բացի այդ այսօրվա կամավորը «ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ շոշափելի վարձատրություն է ստանում հենց կամավորության համար, ՀՀ պետական բյուջեի»։