Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը աջակցություն է հայտնել Ֆրանսիային և Նիդեռլանդներին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ճնշումների ֆոնին։

Այս մասին Բորելը գրել է X-ի իր օգտահաշիվում։

«Նախագահ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների հասցեին մեծագույն ափսոսանք է առաջացնում։ Այս անընդունելի հայտարարությունները վտանգում են համաժողովի կլիմայական կենսական նպատակները և Ադրբեջանի COP29-ի նախագահության վստահությունը»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Մենք աջակցում ենք Ֆրանսիային և Նիդեռլանդներին։ ԵՄ-ն և նրա անդամ երկրները կլիմայի գլոբալ ֆինանսավորման ամենամեծ ներդրողն են՝ աջակցելով գործընկերներին ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխության դեմ պայքարում»,- ասել է Բորելը։

Նա նաև դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների վրա, որոնք բախվում են երկրում մարդու իրավունքների ճգնաժամային իրավիճակին։

Նախօրեին Ալիևը Ֆրանսիային մեղադրել էր միջերկրածովյան Կորսիկա կղզին և Փարիզի անդրծովյան տարածքները «գաղութային լծի տակ» պահելու մեջ։

Ալիևը նաև քննադատել է Նիդեռլանդներին՝ անդրծովյան տարածքները պահպանելու համար։

220