

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կան որոշակի աշխատանքներ, որոնք թերագնահատված են պետական կառավարման համակարգում և հենց այս թերագնահատման թեման շտկելու տրամաբանության մեջ մենք ներդրել ենք փրկարար ծառայությունների ատեստավորման համակարգը։ Այս մասին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, հավելելով, որ դեռևս մեծ թիվ չունեն ատեստավորված անձանց, որովհետև բավական խիստ են մոտեցել թեմային և բազմաթիվ պաշտոն զբաղեցնող անձինք դեռևս չեն կարողանում հաղթահարել ատեստավորման բոլոր փուլերը:
«Բայց արդեն իսկ Փրկարար ծառայությունում ունենք վարչության պետ, որը ատեստավորման արդյունքում, հարկերը ներառված, ստանում է շուրջ 1 մլն դրամ աշխատավարձ: Եթե թվային պատկերով ասեմ, այս պահի դրությամբ 1778 փրկարար ծառայող էր դիմել ատեստավորման համար, նրանցից 688-ն է հաղթահարել ատեստավորումը, իսկ եթե ընդհանուր հաստիքային միավորներով նայենք՝ Փրկարար ծառայությունը ունի շուրջ 3500 հաստիքային միավոր, հետևաբար դեռ ժամանակ ունեն մեր ծառայողները»,- հավելեց Սարգսյանը:
Անդրադառնալով Աշտարակի բաժնի պետի ազատմանը՝ նախարարն ասաց, որ այն ընդհանուր կադրային քաղաքականության տրամաբանության մեջ է, «որովհետև պրն Մարտիրոսյանը տեղյակ է եղել, որ մենք պլանավորում ենք կադրային փոփոխություն՝ այդ թվում Աշտարակի բաժնի մասով: Կադրային փոփոխություն ցանկացած պահի, ցանկացած մակարդակով կարող է լինել, այդ թվում նաև իմ, ոչ մեկն ապահովագրված չէ որևէ պաշտոնի նշանակվելու կամ ազատվելու կոմպոնենտից և սա ընդհանուր կադրային քաղաքականության մաս է: Բացի Աշտարակի բաժնից, առաջիկայում կադրային փոփոխություն կլինի»: