Այսօր Ազգային ժողովը քննարկեց Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է հեշտացնել ՔԿԱԳ ծառայություններից օգտվելու կարգը և ծառայություններ այսուհետ կմատուցվեն էլեկտրոնային եղանակով, վարչարարությունը կկրճատվի: Գրում է Tert.am-ը։

ՀՀ արդադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրեց, որ նախագծերով սահմանվում Է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ: «Այսուհետ դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, որոնք կարող են լինել ինչպես միասնական գրասենյակի, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության տարածքային մարմինների մասնավոր լիազոր օպերատորների կամ օտարերկրյա պետությունների հյուպատոսարանների կողմից, իսկ գրանցումները կկատարվեն Արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմող-որոշում կայացնող շփումները: Նախատեսվում է էլետրոնային դիմումների ներկայացման հնարավորություն. ՔԿԱԳ ծառայություննների մատուցումն իրականացնել նաև օնլայն հարթակի միջոցով»,-ասաց նա և նշեց, որ այս տարի ներդրվել է այդ ոլորտում առաջին էլեկտրոնային ծառայությունը՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում և ևս երկու ծառայություն զուգահեռ ավելացվել է: Փոխնախարարն ասաց, որ այս փոփոխությունները հնարավորություն կտան ՔԿԱԳ ծառայությունները տեղափոխել էլեկտրոնային հարթակ, գրեթե բոլոր գործընթացներում նվազեցնել վարչարարությունը: «Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետը: Ներկայումս գրանցումը կատարվում է դիմում ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում, սահմանել ենք՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ անձի նախընտրությամբ օր: Կրճատվել են անվան փոխման գրանցման ժամկետները՝ մինչև 5 ամսից դարձվել է 15 օր: Հանվել են անվան փոխման համար կառավարության որոշմամբ սահմանված հիմքերը՝ հարգելի դեպքեր, օրինակ անվան բարեհնչություն, դժվար արտասանելիություն կամ ՔԿԱԳ պետի որոշմամբ այլ դեպքեր: Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանվել է կրճատ ժամկետ՝ մինչև 3 օր: Ընդ որում առանձին տառերի, թվերի ուղղագրական սխալների փոփոխության համար պետական տուրքը հանվել է, ինչի արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի ժամանակ ու գումար ծախսել վրիպակների շտկման համար: Հանվել են պետական տուրքերը՝ ամուսնության համար»,- ասաց նա։

190