Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի հետ հարցերով բյուրոյի ղեկավար է նշանակել Սենատում իր աշխատակազմի նախկին աշխատակցին, ով հիմնականում բիզնես խորհրդատուի փորձ ունի, հաղորդում է Ռոյթերզը՝ հղում անելով պետքարտուղարության կայքին։ Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Բրենդան Հանրահանը։

Լուի Բոնոն, ով Թրամփի նախագահության մեկնարկին նշանակվել էր պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա, անցած ուրբաթ աշխատակիցներին տեղեկացրել է, որ լքում է պաշտոնը։

«Բրենդանը մասնավոր հատվածում և Սենատում կուտակած արժեքավոր փորձառություն ունի, ինչը նրան կօգնի ղեկավարել բյուրոն վերակազմակերպման ընթացքում և հաջողությամբ առաջ տանել պետքարտուղարի օրակարգը Եվրոպայում և դրանից դուրս», -ասված է Բոնոյի էլեկտրոնային նամակում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ։

«Հստակ չէ՝ ինչ պաշտոն է զբաղեցրել Հանրահանը Սենատում՝ Ռուբիոյի աշխատակազմում, որքան երկար է այնտեղ աշխատել, և արդյոք դիվանագիտական փորձառություն ունի»,-նշում է Reuters-ը։

Կադրային փոփոխությունը տեղի է ունենում Վաշինգտոնի ու Եվրոպայի միջև սրված հարաբերությունների ֆոնին, երբ նախագահ Թրամփը հայտարարում է, թե Ամերիկան պետք է կենտրոնանա իր ներքին խնդիրների վրա՝ հորդորելով դաշնակիցներին ավելի շատ ներդրում անել՝ Եվրոպայում խաղաղության ու կայունության համար։

378