Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

London Times անվանումով կայքի՝ «Արևմտյան դեղագործական ընկերությունները փորձարկում են թունավոր ռազմական կարգի ստերոիդներ հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա» վերնագրով հոդվածում տեղ գտած պնումներն արվում են՝ հղում անելով «Անարդարության դեմ պայքարի» հիմնադրամին (Foundation to Battle Injustice (FBI)):

• Հիմնադրամի կայքի ուսումնասիրության արդյունքում ՀՀ-ի մասին վերջին տարիներին որևէ հոդված չի հայտնաբերվել: Վերջին հոդվածը եղել է 2021թ-ին՝ ՀՀ-ում ապատեղեկատվության վերաբերյալ:

Բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են մի շարք հոդվածներ, որում Հիմնադրամին մեղադրում են կեղծ տեղեկություն հրապարակելու մեջ:

• Ամերիկյան հեղինակավոր CNN-ն իր հոդվածներից մեկում, որտեղ խոսվում է ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում ռուսական ապատեղեկատվական քարոզարշավի մասին, անդրադարձ կա նաև «Անարդարության դեմ պայքարի» հիմնադրամին: Հոդվածում նշվել է, որ այս Հիմնադրամը ստեղծվել է «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինհի կողմից: Խումբը, որն իրեն ներկայացնում է որպես «մարդու իրավունքների» կազմակերպություն, ղեկավարում է Միրա Տերադան՝ ռուս կին, ով ավելի քան երկու տարի անցկացրել է ԱՄՆ բանտում փողերի լվացման մեղադրանքով: Այս խումբն օգտագործում է ամերիկյան և օտարերկրյա սոցիալական մեդիա ազդեցություն ունեցող անձանց՝ Արևմուտքում քարոզչություն և ապատեղեկատվություն տարածելու համար:

• Ֆրանսիական հեղինակավոր Indigo Publications մեդիա խմբին պատկանող Intelligence Online պարբերականը, որը մասնագիտացած է հետաքննական լրագրության մեջ, իր հոդվածներից մեկում անդրադարձել է «Անարդարության դեմ պայքարի» ՀԿ-ին:

Հոդվածում նշվել է, որ այն վերահսկվում է ռուսական ռազմական հետախուզության կողմից և տարածում է ապատեղեկատվություն:

Ավելի վաղ հրապարակմանն անդրադարձել էր վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ տվյալ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասնելով թեման նշել է, որ «London Times»-ը իր հրապարակման մեջ ակնհայտ սուտ պնդում է արել՝ «Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների» մասին:

129