Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2022 թվականի փետրվարի 1-ից ներդրված էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ռեֆորմն ամենաարմատականը կարելի է համարել 2004 թվականին ոլորտում իրականացված բարեփոխումներից ի վեր: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ոլորտի՝ 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս:

Շուկայի մեկնարկից 3 տարի անց, ըստ Մեսրոպյանի, էլեկտրաէներգետիկական համակարգում մենաշնորհի մրցակցության փոխարինման արդյունքում ազատականացված հատվածում ձեռք բերվող էլետրաէներգիայի մասնաբաժինն էականորեն ավելացել է:

«Եթե մեկնարկի առաջին տարվա՝ 2022 թվականի արդյունքներով՝ շուկայի ազատականացված հատվածի սպառումը կազմում էր ներքին սպառման շուրջ 5.3 տոկոսը, 2023 թվականի արդյունքներով՝ այն կազմել է 20.1 տոկոս, ապա 2024 թվականի արդյունքներով արդեն իսկ կազմել է 27.8 տոկոս, իսկ 2025 թվականին կանխատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 36 տոկոսի:

Շուկայի ազատականացումն ապահովել է նաև նոր մրցակցային մասնակիցների մուտքն էլեկտրաէներգետիկական համակարգ: 2024 թվականի արդյունքներով՝ մրցակցային հատվածում գործունեության լիցենզիա են ունեցել 20 մատակարար, 6 մեծածախ առևտուր իրականացնող անձ՝ թրեյդերներ, 144 մրցակցային էլեկտրակայաններ, և գործել են 16 որակավորված սպառողներ:

Հանձնաժողովի կողմից լիցենզավորված 20 մատակարար կազմակերպություններից 2024 թվականին շուկայում գրանցվել և ակտիվ գործունեություն են ծավալել 6 մատակարար ընկերություններ, որոնց կողմից մրցակցային սպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի քանակը կազմել է 1 մլրդ 54 մլն կՎտ-ժամ»,- ասաց նա:

 

74