
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ճեպազրույցում հայտնել է, որ տրանսպորտի ուղեվարձի դեմ ակցիաների արդյունքում թերհավաքագրումներ են եղել։ Ըստ նրա, անգամ մարդիկ, որոնք պարտաճանաչ վճարում էին, այժմ իրավիճակից օգտվում են ու չեն վճարում։ «Չվճարումները բերել են բյուջեի որոշակի խնդիրների։ Իսկ քաղաքապետարանը չի պատրաստվում այլ ոլորտից, պայմանական՝ հանրակրթությունից, գումար կտրել ու ներդնել հասարակական տրանսպորտի ոլորտում»,- ասել է նա՝ հավելելով, որ չվճարման հետևանքով շարժակազմն ավելի ուշ ձեռք կբերվի.
«Արդյունքում, ունենք իրավիճակ, որ նախատեսված 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինի գնել, քանի որ թերհավաքագրումների պատճառով գումար չկա։ Եթե նման տեմպերով շարունակվեն հավաքագրումները, չի բացառվում, որ 15 տրոլեյբուս էլ հնարավոր չլինի ձեռք բերել»,- ասել է նա։
Կոստանյանի խոսքով՝ ուղեվարձի չվճարման դեպքում վարչական պատասխանատվություն ենթադրող օրինագիծն այժմ խորհրդարանում է, և նրանց տիրույթում է տուգանք սահմանելու հարցը։