Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։

 

Ողջունելով Ալեն Բերսեի այցը՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը՝ կարևորելով դրա դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցության համար։

 

Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, իր հերթին, վերահաստատել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ և օժանդակելու ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին։ Նա նաև շնորհավորել է վարչապետ Փաշինյանին առ այն, որ 2026 թվականին Հայաստանում անցկացվելու են Եվրոպական համայնքի գագաթնաժողովը և COP18-ը՝ դա որակելով որպես Հայաստանի աճող միջազգային հեղինակության վկայություն։

199