

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թմրանյութի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկներն իրացրել են համատեղ: Հունիսի 16-ին` ժամը 8.40-ին, «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նրանք ձերբակալել են Աբովյան քաղաքի 34 և Եղվարդ քաղաքի 33 տարեկան երկու բնակչի: Աբովյանցի երիտասարդին պատկանող «Մերսեդեսի» սրահում և մեքենայի մոտ եղել է պլաստիկ երկու անոթ: Դեպքի վայրում իրականացվել է պահպանություն, իսկ երիտասարդները տեղափոխվել են Չարենցավանի բաժին:
Աբովյանցու խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր ավելի քան 22 գրամ բյուրեղանման դեղին զանգվածներով 5 անոթ և կարմիր ու կապույտ ժապավեններով 12 փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածներով:
Եղվարդցու խուզարկությամբ հայտնաբերվել է երկու հաբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հունիսի 17-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ «Մերսեդեսի» սրահում հայտնաբերվել է կարմիր և կապույտ ժապավեններով 9 փաթեթ և բյուրեղանման դեղին զանգվածով մեկ անոթ:
Նշանակվել է փորձաքննություն:
Երկուսն էլ ձերբակալված են, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: