Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների  ուղղությամբ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Միաժամանակ, վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, իսկ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2025 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով արձանագրվել են․

  • Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 558 դեպք և 251.1 մլն դրամի չափով տուգանք։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը։
    Արձանագրված խախտումներից 25 դեպքով 25 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 90 մլն դրամի չափով: ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված  հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների։
  • Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 69 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 57.750 մլն դրամ։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը։
    Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 43 մլն դրամով: Խախտում թույլ տված  հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների։
  • «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում արձանագրվել է 31 հարկ վճարողի մոտ: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 10.5 մլն դրամի չափով տուգանք:  Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ խախտումներ թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

174