Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։
Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում, իսկ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում գրանցման հայտի ներկայացումը հարկային մարմին, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը: Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։
Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է 88.2 մլն դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում՝
- հանրային սննդի ոլորտում՝ 40 խախտում, տուգանքի չափը՝ 18.1 մլն դրամ
- մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 25 խախտում, տուգանքի չափը՝ 7.2 մլն դրամ,
- մթերային խանութներում՝ 21 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 6.5 մլն դրամ,
- հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 16 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 4.5 մլն դրամ,
- հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում՝ 11 խախտում, տուգանքի չափը՝ 16.9 մլն դրամ,
- կահույքի առևտրի ոլորտում՝ 11 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 2.3 մլն դրամ,
- մսամթերքի առևտրի ոլորտում՝ 10 խախտում, տուգանքի չափը՝ 2.9 մլն դրամ,
- հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում՝ 9 խախտում, տուգանքի չափը՝ 2.5 մլն դրամ,
- ավտոտեխսպասարկման ծառայության ոլորտում՝ 9 խախտում, տուգանքի չափը՝ 2.1 մլն դրամ,
- այլ ոլորտներում` 72 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 25.2 մլն դրամ։
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև վարձու աշխատողի չձևակերպման 39 դեպք․ չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է 178, իսկ տուգանքի չափը՝ 44.5 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են, մասնավորապես՝
- հանրային սննդի ոլորտում՝ 12 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 33, տուգանքի չափը՝ շուրջ 8.3 մլն դրամ,
- այլ ոլորտում՝ 3 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 22, տուգանքի չափը՝ շուրջ 5.5 մլն դրամ,
- այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 24 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 123, տուգանքի չափը՝ շուրջ 30.7 մլն դրամ։
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով հարկ վճարողների մոտ արձանագրվել է 17 դեպք: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 6.9 մլն դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում՝
- առողջապահություն (բացառությամբ ատամնաբուժարանի) ոլորտում՝ 3 խախտում, տուգանքի չափը՝ 1.5 մլն դրամ,
- ատամնաբուժարանի ոլորտում ՝ 3 խախտում, տուգանքի չափը՝ 1.5 մլն դրամ,
- այլ ոլորտներում` 11 խախտում, տուգանքի չափը՝ 3.9 մլն դրամ։
Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին՝ դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։