
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ը անդրադարձել էր Տաթև համայնքի վարչական ղեկավարի՝ Գոռ Մինասյանի ձերբակալությանն ու համայնքում տեղի ունեցած դեպքին։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Տաթև խոշորացված համայնքի աշխատակազմի ղեկավար Մարի Թևոսյանը ներկայացրել էր կատարվածի վերաբերյալ իրենց տեսակետը:
«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն է դիմել տուժողների հայրը՝ Վարուժան Մարտիրոսյանը, և ներկայացրել նաև իրենց դիրքորոշումը:
Նշենք, որ Վարուժան Մարտիրոսյանը Մարո և Կարո Մարտիրոսյանների հայրն է, որոնց ծեծի ենթարկելու համար մեղադրվում է Գոռ Մինասյանը։
Ըստ Մարտիրոսյանի՝ իրականում իրենց և Մինասյանի միջև սկսված հակասության հիմնական պատճառը համայնքում իրենց պատկանող հողամասն ու դրա վրա կառուցված ռեստորանային բիզնեսնն է։ Մարտիրոսյանի պնդմամբ՝ Մինասյանը նպատակ ունի իրենց զրկել այդ բիզնեսից և ինքը տեր կանգնել դրան։ Պնդումները, թե կատարվածը քաղաքական հողի վրա են, վերջինս հերքում է:
Իսկ թե ի՞նչ է տեղի ունեցել հունիսի 17-ին, նա մանրամասնում է. «Իմ աղջիկը առավոտյան աշխատանքի գնալուց է եղել, երբ համայնքի ղեկավարը մեքենայով քշել է իր դիմաց ու հարվածել, հարվածել է թե՛ կողքից, թե՛ դիմացից, հետևի մասից։ Հետո իր մեքենայից իջել է, քարը վերցրել, պատկերացրել է, որ աղջիկս մեքենայի դուռը ներսից փակել է, քարով հարվածել է վարորդի մեքենայի ապակուն, տեսել է, որ ապակին չի կոտրվում, դուռը բացել է, բացվել է, սկսել է բռունցքով հարվածել աղջկաս»:
Մարտիրոսյանը կատարվածը համարում է մարդասպանության փորձ։
«Մի խոսքով, սկսել է երեխային խփել, արյունլվա արել, երեխան մի կերպ մեքենայից դուրս է եկել, նա էլ երեխայի հեռախոսն է վերցրել մեքենայից ու մինչ օրս չի տվել։ Երեխան մտել է գյուղի տներից մեկը, իր փրկության համար դռան հետևից փայտ է դրել, որ դուռը փակվի։ Գոռ Մինասյանը իր մարդկանցից մեկին հանձնարարել է, որ ներս մտնի խփի աղջկաս, դա իր գործելաոճն է, այդ տանտերը տեսել է, որ այդ մեկը մտնում է իր դարպասից ներս, սկսել է գոռգոռալ, թե ով ես, ինչու ես ներս մտնում, բայց տվյալ անձը մտել է ներս, հարձակվել աղջկաս վրաս, սկսել է ոտքերով հարվածել, աղջիկս կարողացել է իրեն պահի, մինչև այդ տան կինը կարողացել է տնից դուրս հանել այդ անձին»,- պատմում է նա։
Մարտիրոսյանի խոսքով՝ կատարվածից ընդամենը 10 րոպե հետո զանգահարել են իր կնոջն ու ասել՝ երեխայիդ համայնքի ղեկավարը ծեծել է. արյունլվա է։
«Գնացինք հասանք այդ տունը, որտեղ երեխաս էր արյունլվա, մտածեցի՝ գուցե մեքենայի ղեկից, ապակուց է ստացել վնասվածքները, բայց պարզվում է՝ ղեկավարի կողմից բռնության է ենթարկվել։ Աղջկաս հարցրի՝ ի՞նչ է եղել, աղջիկս նայեց դեմքիս շատ երկար, հետո եմ հասկացել, որ չէր կարողանում կենտրոնանալ, որ խոսի, հետո ասաց՝ Գոռն է արել, զանգեցի ոստիկանություն, ամեն ինչ ներկայացրի, պահանջեցի, որ շտապ օգնությունը Գորիսից գա աղջկաս տեղափոխի։ Շտապ օգնությունը եկավ, տարան Գորիս, Գորիսից էլ տեղափոխել են էրեբունի հիվանդանոց, այնտեղ տեղափոխելուց 30 վայրկյան անց Երևանում ապրող իմ տղան եկել է, որ հասկանանք, թե որտեղ են տեղավորելու երեխային։ Տղայիս վրա էլ հարձակում է եղել Էրեբունի հիվանդանոցի բակում։ Ես դա ևս որակում եմ սպանության փորձ»,- պատմում է զրուցակիցը:
Վարուժան Մարտիրոսյանի խոսքով՝ իր ընտանիքի նկատմամբ կատարվել է ոտնձգություն․ տղայի՝ Կարո Մարտիրոսյանին, վերականգնվելու համար, ըստ բժիշկների, անհրաժեշտ է վեց ամիս, աղջիկը՝ Մարո Մարտիրոսյանը, ենթարկվել է քթի միջնապատի վիրահատության, հիվանդանոցից դուրս է գրվել։
Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ քույր ու եղբոր ծեծի գործով Տաթև համայնքի վարչական ղեկավարն ու ևս մեկ անձ երկու ամսով կալանավորվել են: