Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին:

Աշխատաժողովի մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով։

«Այսօր մենք ապրում ենք մեր տարածաշրջանի համար շրջադարձային մի պահ։ Հայաստանի կառավարության երկարատև, վճռական և համբերատար քաղաքականությունն ի վերջո հանգեցրեց մի հանգրվանի, որը Հայաստանի, հայ ժողովրդի և մեր տարածաշրջանի համար բացում է անվտանգության, կայունության և ապագայի հնարավորությունների դուռը։
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ օգոստոսի 8-ը դիվանագիտության մեծ նվաճում եմ համարում, որը փոխում է տարածաշրջանի ողջ պատկերը՝ պատերազմական և ռազմական տրամաբանությունից անցում կատարելով դեպի խաղաղության և տնտեսական զարգացման ու բարգավաճման տարածաշրջան:

Պետք է արձանագրենք, որ այս նվաճումը դժվար տրվող ընտրությունների, քրտնաջան դիվանագիտության և մեր քաղաքացիների կոլեկտիվ կամքի արդյունք է։ Սա չի նշանակում ջանքերի ավարտ, այլ ավելի շուտ՝ այն նոր գլխի սկիզբ է, որը յուրաքանչյուրիս առջև ավելի հստակ առաջադրանքներ է դնում:
Մեր սպասելիքները բարձր են, քանի որ խաղադրույքները ևս բարձր են՝ մեր սահմանների անվտանգությունը և մեր ժողովրդի վստահությունը։ Զգուշավոր լավատեսություն ցուցաբերելով և մշտապես առաջնահերթություն տալով Հայաստանի անվտանգությանն ու ազգային շահերին՝ միաժամանակ պետք է բաց լինել կառուցողական երկխոսության և տարածաշրջանային համագործակցության համար։

Կայուն խաղաղությունը Հայաստանի համար հսկայական տնտեսական ներուժ կբացահայտի։ Մեր առջև կարող են բացվել առևտրի, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում նախաձեռնություններ, որոնք կարող են մեր տարածաշրջանը վերածել համագործակցության կենտրոնի։

Աշխարհաքաղաքական լանդշաֆտների փոփոխությամբ և արագ տեխնոլոգիական առաջընթացով բնորոշ այս դարաշրջանում մեր առաջնահերթությունները պետք է համապատասխան լուծում ունենան ժամանակակից մարտահրավերների դեմ:
Տարածաշրջանում, ինչպես և ողջ աշխարհում իրավիճակը շատ արագ է փոխվում, և ներկայում իրականացնելով արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման քաղաքականություն, անհրաժեշտություն է առաջացել նաև վերանայելու արտերկրում մեր դեսպանների գերակայությունները: Դրանք առավելապես պետք է ներառեն տարածաշրջանային գրավչության, տնտեսական, լոգիստիկ/տարանցիկ հնարավորությունների ներկայացումը: Այս առումով կարևորում եմ ձեր կողմից օտարերկրյա պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության առավելությունների համապարփակ ներկայացումը, որն ուղղված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային փոխկապակցվածության խորացմանը՝ ամուր կապեր ստեղծելով Ծոցի, Միջերկրական, Սև և Կասպից ծովերի միջև, ինչպես նաև Միջին Ասիայի հետ:
Անհրաժեշտ է միջազգային կազմակերպություններում մեր ներկայացուցիչներին ներգրավվել առավել դրական օրակարգի մեջ՝ նախկինում հակամարտությունների կամ ռազմական օրակարգից տեղափոխվելով տնտեսական զարգացման օրակարգ:

Պետք է օգտագործել դիվանագիտական ուղիները՝ տարածաշրջանին օգուտ բերող համատեղ տնտեսական նախագծերը, ներդրումային հոսքերը, գործարար կապերը և առևտրային նախաձեռնությունները խթանելու համար՝ ստեղծելով խաղաղության համար տնտեսական խթաններ։
Հատկապես կարևորում եմ նախաձեռնողական դիվանագիտության և փափուկ ուժի նախաձեռնությունների վրա կենտրոնացումը։

Ներկայում նախապատրաստվում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի և Լիբանանի Հանրապետության նախագահության գլխավոր տնօրինության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Հայաստանը կլինի առաջին երկիրը, որի հետ Լիբանանը կստորագրի նման հուշագիր: Առաջարկում եմ նման հուշագրերի կնքումը նախաձեռնել նաև այլ երկրների հետ:
Մեր առաջնահերթությունը պետք է լինի կայուն նորարարությունը, որը կխթանի կանաչ էներգիան, խելացի տեխնոլոգիաները և էկոլոգիապես մաքուր գործելակերպը։

Հաջորդ տարին առանձնահատուկ է լինելու, քանզի ի թիվս այլոց հյուրընկալելու ենք Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Նման խոշորամասշտաբ համաժողովների բարձր մակարդակով անցկացումը կապահովի Հայաստանի միջազգային տեսանելիությունը և զգալի տնտեսական օգուտներ։
Հարկ է աջակցել հավասարակշռված և կառուցողական մեդիա արշավների ստեղծմանը, որոնք կընդգծեն խաղաղ համակեցության կարևորությունն ազգերի համար և կլուսաբանեն համագործակցության հաջողված պատմությունները։

Այստեղ հատկապես կարևոր է Ձեր՝ որպես դեսպանների դերն այս զարգացումները հաղորդելու և միջազգային աջակցություն ստանալու գործում։
Հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել Դեպի ծով ելք չունեցող երկրների հետ հարաբերություններին, որոնց հետ ունենք զգալի ընդհանուր շահեր: Մեզ նման երկրները քաջ գիտակցում են նման պայմաններում տնտեսական զարգացման սահմանափակումները, միևնույն ժամանակ փոխկապակցվածության ընդլայնման, միջազգային առևտրի, տարածաշրջանային տարանցիկ ուղիներում ներգրավվածության և կապերի կարևորությունը:

Հաշվի առնելով Միջին Արևելքի, Ծոցի Ասիայի, Կենտրոնական Ասիայի երկրների դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման, ինչպես նաև կայուն զարգացման խթանման գործում՝ մեծ նշանակություն եմ տալիս նրանց հետ քաղաքական ակտիվ երկխոսության հետագա ծավալմանը, առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում համագործակցության խթանմանը։ Այս տարածաշրջանը կարևոր է տնտեսական դիվանագիտության համատեքստում:
Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր, հեռանկարներ ունեցող ուղղություններից է։ Վերջին տարիներին փորձում ենք ակտիվացնել մեր հարաբերություններն Աֆրիկայի երկրների հետ և արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվել:

Վերջին տարիներին Լատինական Ամերիկայի տարածաշրջանի պետությունների հետ հարաբերությունների ակտիվացումը վկայությունն է այն բանի, որ Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել այլ պետությունների հարաբերությունների աշխարհագրությունը և ընդլայնել համագործակցության ծավալը: Աշխարհագրական հեռավորությունն այսօր այլևս չպետք է խոչընդոտ հանդիսանա հարաբերությունների ամրապնդման համար»:

265