Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 20-ին այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ծանոթացել կրթական նորարար մոտեցումներին, սաների առօրյա աշխատանքներին ու նախագծերին։

Նախարարին ուղեկցել են տեղակալ Արմեն Ղազարյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Նախարար Սարգսյանը կենտրոնի տարբեր բաժիններում ծանոթացել է կրթական ծրագրերին, սովորողների առաջխաղացման հնարավորություններին ու հետաքրքրություններին։

Դասընթացավարների հետ քննարկվել են կրթական գործընթացի առանձնահատկություններն ու երիտասարդների ստեղծագործական ներուժի զարգացման մեխանիզմները։

Սովորողները կիսվել են իրենց նախագծային գաղափարներով,

ներկայացրել ստեղծագործական աշխատանքներ և անդրադարձել այն փորձին, որը ստանում են Թումոյում։

ՆԳ նախարարության նախաձեռնությամբ կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման գործում ներգրավված երիտասարդները ներկայացրել են նոր դիզայնի վերաբերյալ իրենց պատկերացումները։

Նրանք կիսվել են նախագծային փուլի արդյունքներով՝ խոսելով կոնցեպտների ու վիզուալ լուծումների մասին։

Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել երիտասարդների ակտիվությունը՝ նշելով, որ այս գործընթացին նրանց ներգրավվածությունը ոչ միայն խթանում է նոր մոտեցումների զարգացումը, այլև ցույց է տալիս, թե որքան արդյունավետ կարող է լինել կրթության և պետական կառավարման ոլորտների համագործակցությունը։ Հաշվի առնելով, որ մյուս կողմում ոլորտի միջազգային փորձագետներ են՝ երիտասարդ ստեղծագործողների գաղափարները քննարկման դաշտ բերելը լավ գաղափար է որակվել նաև ֆրանսիացի գործընկերների կողմից։

Նախարարի գնահատմամբ՝ նման աշխատանքները կարևոր են երիտասարդների համար՝ իրականացնելու իրենց ստեղծագործական գաղափարները և ներդրում ունենալու կենսաչափական նոր փաստաթղթերի ստեղծման գործում։

Ներկայացված առաջարկների վերաբերյալ տպավորություններով է կիսվել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Նրա խոսքով՝ սա դեռ աշխատանքների միջանկյալ փուլն է։

Աշխատանքները շարունակվելու են մինչև ավարտուն փուլ՝ ընդհանրացնելով այն գաղափարներն ու մտքերը, որոնք հիմք կհանդիսանան կենսաչափական համակարգի ներդրումն իրականացնող «Հայփաս» ընկերության դիզայներների համար։

Ներքին գործերի նախարարությունը կարևորում է ինքնության ու անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ ստեղծարար պատանիների մտագրոհը, դրա արդյունքում գեներացված ասոցիացիաները և դրանց վիզուալիզացման եղանակները։ Ներկայացված իլյուստրացիաները երիտասարդ սերնդի պատկերացումների և ընկալումների մասին են և դրանց

վերլուծությունն ու քննարկումը հավելյալ արդյունավետություն է հաղորդում գործընթացին։

Հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվել են ներկայացված գաղափարներն ու դրանք իրականացնելու ճանապարհները։

124