Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել՝  դատապարտելով բռնի իշխանափոխության ու առհասարակ բռնության յուրաքանչյուր արտայայտություն, հրապարակային կոչ, առավել ևս ծրագիր:

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը խոր մտահոգությամբ է հետևում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող վերջին իրադարձություններին ու ցնցող բացայայտումներին: Քննչական մարմինների հրապարակած իրեղեն ապացույցներն ու ձայնագրությունները փաստում են, որ կանխվել է բծախնդրորեն մշակված ահաբեկչական ծրագիր, որի վերջնական նպատակը բռնի իշխանազավթումն էր:

Դեռ մի տարի առաջ հրապարակած հայտարարութեամբ, մենք անընդունելի էինք համարել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ Հայ Առաքելական Եկեղեցու ստանձնած առաջնորդող դերը, մտահոգություն հայտնելով, որ Եկեղեցու՝ քաղաքական գործընթացներում ներքաշվելը հղի է լուրջ հետևանքներով: Իսկ այսօր ականատես ենք լինում ավելի ծանրակշիռ երևույթի, երբ այլ քաղաքական անձնավորությունների կողքին մի շարք հոգևորականներ ևս մեղադրվում են ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ: Համոզված ենք, որ եթե օրին Մայր Աթոռը ազդու միջոցներ ձեռք առներ, մի գուցե հնարավոր կլիներ խուսափել նման անբաղձալի իրավիճակից:

Մենք ևս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ հավատարիմ ու զորավիգ ենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու խոսքի, մտքի ու գումարման ազատության ժողովրդավարական հիմնարար իրավունքներին: Սակայն վերջին բացայայտումները բացարձակապես չեն տեղավորվում այդ իրավունքների սահմաններում ու եթե հաջողվեր գործադրության դնել այդ դիվային ծրագիրը, երկիրը կարող էր հայտնվել խոր ճգնաժամում` համազոր հոկտեմբեր 27-ի սպանդին։

Հնչակեան Կուսակցութեան անունից խստիվ դատապարտում ենք բռնի իշխանափոխության ու առհասարակ բռնության յուրաքանչյուր արտայայտություն, հրապարակային կոչ, առավել ևս ծրագիր։ Ժողովրդավար Հայաստանում իշխանափոխության մեկ ճանապարհ կա, միայն ազատ ու արդար ընտրությունների միջոցով։ Իշխանություն թէ ընդդիմություն բոլորն էլ պարտավոր են գործելու այդ սկզբունքների հիման վրա, հայրենիքը հեռու պահելու համար անհարկի ցնցումներից»,- ասված է հայտարարության մեջ։

122