Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN): 

Հարց. Ձեր այցը Չինաստան տեղի է ունեցել ՉԺՀ ԱԳ նախարար Վան Յիի հրավերով։ Կարո՞ղ եք կիսվել բանակցությունների հիմնական թեմաներով և արդյո՞ք արձանագրվել են կոնկրետ արդյունքներ։

Արարատ Միրզոյան. Սա իմ առաջին պաշտոնական այցն էր Պեկին, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարար Վան Յիին հրավերի համար։ Սա լավ հնարավորություն էր ամփոփելու մինչ այժմ կատարված աշխատանքն, արձանագրելու ձեռքբերումները և ուրվագծելու հետագա համագործակցության ճանապարհը, որ պիտի միասին անցնենք։ Պետք է ընդգծեմ, որ քննարկվել են բավական կարևոր թեմաներ։

Արդեն ունենք շոշափելի արդյունքներ, մասնավորապես՝ փոխադարձ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում. ինչպես կարող ենք տեսնել, օրինակ, նախորդ տարվա համեմատ մեր փոխադարձ առևտրի ծավալն աճել է 700 միլիոնով։ Մենք նաև մեկնարկել ենք Երևան-Ուրումչի ուղիղ օդային չվերթը։ Այսպիսով, գործարար շփումներն աճում են, առևտուրը, ժողովուրդների միջև կապերը, մշակութային հարաբերությունները զարգանում են, քաղաքական երկխոսությունը ևս ակտիվ է։ Եվ սա դեռ հարաբերությունների զարգացման ամբողջ ներուժը չէ։ Իմ գործընկերոջ՝ նախարար Վան Յիի հետ համատեղ մենք քննարկել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, համաշխարհային քաղաքականությանն առնչվող մեր մոտեցումների նմանությունը, մեր համագործակցությունը միջազգային հարթակներում, ինչպես նաև երկկողմ օրակարգը։ 

227