
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ի լրումն նախորդ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ քրեակատարողական ծառայությունը հրապարակել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան։
Խոսքը Լիանա Հարությունյանի և նրա 8-ամսյա երեխայի մասին է:
«Տիկին Փոստանջյանին մեկ անգամ ևս կոչ ենք անում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել և հասարակությանը չգցել մոլորության մեջ, իսկ փաստաբանական մարտավարությունը կառուցել փաստերի և օբյեկտիվ հիմքերի վրա՝ դուրս չգալով մասնագիտական էթիկայի սահմաններից։
ՀՀ փաստաբանների պալատին խնդրում ենք քննարկման առարկա դարձնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածող փաստաբանի վարքագիծը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Զարուհի Փաստանջյանը սոցցանցի իր էջում գրառմամբ տեղեկացրել էր, որ երեխան ու մայրը գտնվում են սանիտար-հիգիենիկ նվազագույն պայմաններ չունեցող խցում:
«Զրկված լինելով երեխայի սանիտարական-հիգիենիկ նվազագույն պայմաններն ապահովումից, մայրը չի կարող ոչ միայն կրծքով կերակրել, այլև ճաշ պատրաստել երեխայի համար, որովհետև խցերում չկան էլեկտրական տաքացուց սարքեր՝ դրանք համարվում են արգելված իրեր և, եթե անգամ, բերվում են հարազատների կողմից, ապա երեկոյան հանձնվում են բանտի հերթափոխին: Նշանակում է՝ գիշերը, եթե երեխան ուտել ուզենա, մայրը չի կարողանա տաքացնել ուտելիքը:
Խցերում չկա զուգարանակոնք, այլ՝ կքանիստի հարմարեցված «թուրքական» կոչվող զուգարան»,- մասնավորապես գրել է Փոստանջյանը:
Ի պատասխան այս գրառման, ՔԿԾ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ իրականության հետ աղերս չունեն նաև սննդի մասին պնդումները։ Լիանա Հարությունյանին հատկացվել է երեխաների համար նախատեսված, պատշաճ որակի սնունդ՝ կարտոֆիլի խյուս, բանջարեղեն և կաթի փոշի։
Ինչ վերաբերում է խցի՝ իբր ոչ բարվոք պայմաններին, ապա տեղեկացնում ենք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված բոլոր խցերը կապիտալ վերանորոգված են, ապահովված 24-ժամյա տաք և սառը ջրով և կահավորված նաև մանկական մահճակալներով»։