
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայուն է։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ սուր շնչառական վարակները սեզոնային բնույթ ունեցող հիվանդությունների խումբ են, և հիվանդացության դեպքերը հիմնականում աճում են աշուն-ձմեռ ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, ամռան ամիսներին ևս որոշակի ակտիվություն նկատվում է։
«Ըստ վերջին տվյալների՝ առաջնային պահպանման օղակներում սուր շնչառական վարակների պատճառով դիմելիության որոշակի նվազում է գրանցվել։ Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա այս տարի հիվանդացության մակարդակն ավելի ցածր է։ Նվազել են նաև շտապօգնության կանչերը՝ սուր շնչառական վարակների հետ կապված, ինչը ևս ցածր է նախորդ տարվա ցուցանիշից»,- ընդգծեց Խաչատրյանը։
Նրա փոխանցմամբ՝ թոքաբորբով պայմանավորված հոսպիտալացումների որոշակի աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ, սակայն նախորդ շաբաթվա հետ համեմատությամբ ցուցանիշները գրեթե նույն մակարդակի վրա են։
Վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացումների թիվը նույնպես կայուն է։ Այս բաժանմունքներում հոսպիտալացումները հիմնականում դիտվում են 0-ից 5 տարեկան երեխաների շրջանում։