Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

Շնորհավորանքի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ և համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ` իր համար պատիվ է պոլիտեխնիկցիների 92-րդ սերնդին բարի երթ և մասնագիտական հաջողություններ մաղթել։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ՀՀ-ում ներկայում ընթացող կրթական լայնածավալ բարեփոխումների այս փուլում առավել շոշափելի են տեխնոլոգիական կրթության զարգացման ուղղությունները, որոնցում Պոլիտեխնիկական համալսարանը կարևոր դերակատարություն ունի:

«Իրապես դժվար է գերագնահատել Պոլիտեխնիկի դերն ինչպես Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում, այնպես էլ երկրի զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի գործում: Հատկապես վերջին տարիներին իրականացվող տեսանելի բարեփոխումները՝ շենքային պայմանների բարելավումը, լաբորատոր ենթակառուցվածքների ստեղծումը, զուգակցվում են խորքային ինստիտուցիոնալ բարելավումներով, որոնց շնորհիվ բուհը դառնում է առավել գրավիչ ուսանողների համար: Այս ամենի շնորհիվ բուհն աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով փորձում է բարելավել իր դիրքերը նաև միջազգային կրթական համակարգում»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ կրթական հաստատության կայացածության կարևոր հատկանիշ է այդ բուհի կեցութաստեղծ բնույթը, որը դրսևորվում է տվյալ կրթական հաստատության ու անհատի կապի միջոցով:

«Վստահաբար 135 հազար պոլիտեխնիկցիներ, անկախ իրենց ուսումնառության ժամանակաշրջանից, անգամ տվյալ պահին կրթության կազմակերպման որակի հանդեպ իրենց վերաբերմունքից, հպարտությամբ և հարգանքով են նշում իրենց՝ «պոլիտեխնիկցի» լինելու փաստը: Սա, կարծում եմ, այն կարևոր հատկանիշներից է, որը միավորում է այսքան մեծ թվով մարդկանց, այդ թվում, իհարկե, բուհի դասախոսներին, աշխատակազմին, ուսանողներին, շրջանավարտներին»,- ընդգծել է նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները կշարունակեն իրենց գործունեությամբ նպաստել երկրի հզորացմանն ու տեխնոլոգիական առաջընթացին։

Շրջանավարտներին շնորհավորել է նաև Երևանի քաղաքապետ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը:

«Պոլիտեխնիկական համալսարանը վերջին 4 տարիներին էական փոփոխություն է կրել թե՛ ձևի, թե՛ բովանդակության իմաստով։ Մենք տեսնում ենք, թե ինչ արագ տեմպերով է փոխվում համալսարանը, ինչ արագ տեմպերով է փոխվում այն բովանդակությունը, որն այս պատերի ներսում փոխանցում են ձեզ»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին էականորեն բարելավվել են բուհի ֆակուլտետների նյութատեխնիկական պայմանները, ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ, ամրապնդվել են կապերը միջազգային գործընկերների հետ:

Այս տարի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ավարտում է 935 շրջանավարտ: Բուհի ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ հենց իրենց է վստահված ՀՀ տեխնոլոգիական կրթության, վերջինիս հենքի վրա ստեղծվող մասնավոր ոլորտի, ինչպես նաև տեխնոլոգիական գիտության ապագան:

«Մենք հավատում և աջակցում ենք ձեզ, մենք ձեր կողքին ենք: Դուք այլ տարբերակ չունեք, քան լինել համարձակ, որովհետև այս տարիների ընթացքում ստացել եք մրցունակ կրթություն»,- ասել է ռեկտորը։

Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել նաև դիպլոմների հանձնման, պարգևների և պատվավոր կոչումների շնորհման արարողություն։ Պոլիտեխնիկական համալսարանում շուրջ հինգ տասնամյա գիտամանկավարժական աշխատանքի համար Ռուբեն Աղգաշյանն արժանացել է բուհի պատվավոր պրոֆեսորի կոչման։

208