
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թեհրանը կարող է դադարեցնել համագործակցությունը Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ, եթե Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան գործարկեն մեխանիզմ, որը կերկարաձգի ՄԱԿ-ի պատժամիջոցները Իսլամական Հանրապետության դեմ:
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:
Ինչպես նա նշում է, Իրանը հստակեցրել է եվրոպական երկրների համար, որ մեխանիզմի գործարկման դեպքում կձեռնարկվեն պատասխան քայլեր: «Նման քայլի դեպքում ՄԱԳԱՏԷ-ի հետ ամբողջ համագործակցությունն ու փոխազդեցությունը լիովին կվտանգվեն և գործնականում կդադարեցվեն», - նշել է Ղարիբաբադին։
Ավելի վաղ Վաշինգտոնը «եվրոպական եռյակի» երկրների հետ համաձայնության էր եկել, որ օգոստոսի վերջը կլինի միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետը: Եթե պարզվի, որ բանակցային գործընթացը արդյունքներ չի տվել, ապա նախատեսվում է գործարկել վերականգնման մեխանիզմը, որը պետք է երկարաձգի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները Իրանի դեմ: